National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.10.2016
Տեղի է ունեցել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակի դերը բյուջեի խորհրդարանական վերահսկողության շրջանակում» թեմայով քննարկում
1 / 8

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր հանրային ֆինանսների կառավարման ոլորտի վերաբերյալ քննարկում` «Խորհրդարանական բյուջետային գրասենյակի դերը բյուջեի խորհրդարանական վերահսկողության շրջանակում» թեմայով:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ բյուջետային գրասենյակի եւ ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, ՀՀ Վերահսկիչ պալատի, միջազգային ու հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը, Միացյալ Թագավորության Ժողովրդավարության համար Ուեսթմինստեր հիմնադրամի փորձագետներ Էմիլ Ատանասովսկին եւ Քրիստոֆեր Լեւիկը:

Գագիկ Մինասյանը նշել է, որ նոր ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված է խորհրդարանի վերահսկողական գործառույթը եւ բյուջետային գրասենյակը, ինչպես ցանկացած երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, հզոր գործիք է բյուջետային վերահսկողություն իրականացնելու համար: Խոսելով խորհրդարանի բյուջետային գրասենյակի զարգացման հեռանկարների մասին՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը բավականին համեստ կարողություններ ունեցող կառույց է՝ նվազ ֆինանսավորմամբ եւ փոքրաթիվ աշխատակազմով: Գրասենյակը հիմնականում տեղեկանքներ է ներկայացնում բյուջեի եւ տնտեսական զարգացման հետ կապված բոլոր խնդիրների վերաբերյալ: Սակայն, ըստ հանձնաժողովի նախագահի, կան երկրներ, որոնց բյուջետային գրասենյակներն ավելի մեծ հնարավորություններ ունեն եւ ավելի շատ տեղեկանքներ ու վերլուծություններ են ներկայացնում պատգամավորներին ու խմբակցություններին: Պարոն Մինասյանը նշել է, որ վերջին 9 ամիսների ընթացքում ավելի շատ պատգամավորներ են սկսել օգտվել Բյուջետային գրասենյակի ծառայություններից եւ այդ միտումը շարունակվելու պարագայում, ըստ հանձնաժողովի նախագահի, անհրաժեշտ կլինի հզորացնել գրասենյակի լիազորությունները:

Այնուհետեւ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է խորհրդարանական Բյուջետային գրասենյակը գործնականում: Նա տեղեկացրել է, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ընդառաջ գրասենյակը նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել: Մասնավորապես պատրաստվել են տեղեկատվական բազաներ 2013-2017 թթ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների եւ պետական բյուջեների եկամուտների, ծախսերի եւ պակասուրդի ու շուրջ 2 տասնյակ գերատեսչությունների ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Պարոն Բարսեղյանը տեղեկացրել է, որ սահմանված ժամկետներում գրասենյակը կավարտի 2017 թ. պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի պատրաստումը, որը կներկայացվի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:

Էմիլ Ատանասովսկին նշել է, որ իր երկրում բյուջետային գրասենյակը մատչելի եւ համակարգված տեղեկատվություն է տրամադրում պատգամավորներին, որը նրանք կարողանում են օգտագործել հանձնաժողովներում քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ օգնում է բյուջեի հետ կապված կարեւոր որոշումներ կայացնելու համար: Խոսելով ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի մասին՝ միջազգային փորձագետը նշել է, որ երիտասարդ գրասենյակը պետք է մեծացնի իր կարողությունները, ավելացնի աշխատողների թվաքանակը: Սակայն, հաշվի առնելով մի քանի ամսվա աշխատանքային պատմությունը, պարոն Ատանասովսկին կարծում է, որ կառույցը բավականին շատ եւ համապարփակ տեղեկություն է տրամադրել պատգամավորներին:

Քրիստոֆեր Լեւիկն անդրադարձել է  հետօրենսդրական վերահսկողությանը, խոսել Միացյալ Թագավորությունում Ազգային աուդիտի գրասենյակի մասին՝ նշելով, որ այն անկախ մարմին է եւ վերահսկում է բոլոր պետական մարմինների աշխատանքը: Նա նաեւ խոսել է հետօրենսդրական վերահսկողությունից:

Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Բյուջետային գրասենյակի անկախությանը, հետօրենսդրական վերահսկողությանը, գրասենյակի կողմից պատգամավորների հետաքրքրությունների եւ պահանջների ուսումնասիրմանը, Բյուջետային գրասենյակի տեղակայմանը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am